Շիրազ
ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…
Առաջադրանքներ
1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։
Բանաստեղծական հերոսի հոգին արթնացնում է գարունը։ Նա գարունից առաջ կարծես թե քնած լիներ, քանի որ եղանակը ցուրտ էր և տխուր, բայց գարունը իր հետ բերեց ուրախություն և ջերմություն։
2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։
Այս տողը նշանակում է, որ հերոսը ցանկանում է լինել գարնան տիրակալը, իշխել բնության վրա և տարածել գեղեցկություն, կյանք ու ուրախություն։
3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։
Բնության նկարագրությամբ ստեղծվում է ուրախ տրամադրություն։
4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։
Հերոսը ուզում է, որ աշխարհում միշտ լինի գարուն, ջերմություն, ուրախություն և մահը չհասնի մարդուն։
5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։
Նա աշխարհը պատկերացնում է գեղեցիկ, կանաչ, ուրախ, ոչ ոք չի մահանում, կարճ ասած իդեալական կյանք։
6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։
Ես եղանակից ոչ մի բան չէի փոխի, ամեն եղանակ գեղեցիկ է և բոլորը պետք է իրար հաջորդեն։ Աշխարհում կուզենայի լիներ խաղաղություն, ուրախություն և մարդկանց միջև չլիներ թշնամություն։
7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։

















