Առաջադրանք. Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածը՝ ներկայացրո՛ւ Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ՝ համապատասխան հատվածների միջոցով հիմնավորելով պատասխանդ:
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Րաֆֆի «Խենթը»
— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,— խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել,— ավելացրեց նա մի վրդովված ձայնով։….
— Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,— կրկնեց նա իր առաջին խոսքը։ — Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։
— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,— խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։
…..Նախագահը ասաց.
— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր֊Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։……. Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։
……Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր֊Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսների հետ դուրս եկավ խորհրդարանից։
Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա։ Բերդա պահը բարձր ձայնով խոսեց.
— Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է։ Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրա հաջողությամբ դրսից գալու օգնության վրա։ Եթե оգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու։ Հիմա ո՞վ կլինի ձեզանից այն քաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թող մոտենա և ընդունե նամակը։ Ես խոստանում եմ, որ նա կստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ է լինելու։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։
Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։…..
— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։
— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։
Այս երիտասարդը Վարդանն էր։
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
- Վ. Պարսամյան, Շ. Հարությունյան, Հայ ժողովրդի պատմություն (1801-1978 թթ.), «Լույս» հրատ., Երևան, 1979, 752 էջ:
- Հայոց պատմություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար /Ա. Մելքոնյան, Ա. Սիմոնյան, Ա. Նազարյան, Հ. Մուրադյան. — Եր.։ «Զանգակ» հրատ., 2018.—192 էջ:
- Հայոց պատմություն։ Նոր շրջան 8 /Վ. Բարխուդարյան, Պ. Չոբանյան, Ա. Խառատյան, է. Կոստանդյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա. Յակոբեան. – Եր.։ «ՄԱՆՄԱՐ», 2018. — 192 էջ:
1877 թ. ապրիլի 12-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը մղվում էր երկու ռազմաճակատով՝ Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր, որի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Ձախ թևում՝ Իգդիր-Բայազետ ուղղությամբ գործում էր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը, իսկ աջ թևում՝ Ախալցխա-Արդահան ուղղությամբ, գեներալ Դևելի զորաջոկատը:
1877 թ. ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը Իգդիրից հարձակվեց Բայազետի վրա և ապրիլի 18-ին մտավ քաղաք: Բայազետում թողնելով փոքրաթիվ կայազոր՝ Տեր Ղուկասովը շարժվեց դեպի Դիադին և ապրիլ-մայիս ամիսներին գրավեց Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեյդեկանը: Ռուսներին մեծապես օգնում էին տեղացի հայերը: Հունիսին, ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով, Երևանյան ջոկատը, որպեսզի չհայտնվի շրջափակման մեջ, նահանջի հրաման է ստանում: Ութ օր (հունիսի 16-24-ը) տևած նահանջը հայ գեներալը կատարում է հմտորեն: Իգդիր հասնելուն պես լուծում է պարենավորման ու սպառազինման խնդիրը, միաժամանակ անկորուստ ռուսական սահման է հասցնում իր զորամասը, նրա հետ միասին նաև շուրջ 600 հիվանդ և վիրավոր ու մոտ 2500 հայ գաղթական: Ռազմագետները Տեր-Ղուկասովի այս նահանջը համեմատում են Քսենոփոնի 10 հազար հույն զինվորների նշանավոր նահանջի (Ք.ա. 401 թ.) հետ, համարում սխրանք, օրինակելի նահանջ:
Օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից՝ թուրքերը մոտ 10-հազարանոց զորքով 1877 թ. հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Բայազետի փոքրաթիվ ռուսական կայազորը, հրամանատար Շտոկվիչի գլխավորությամբ և հայ կամավորների օժանդակությամբ, կազմակերպում են բերդի պաշտպանությունը: Դրությունը օրհասական էր, սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշարվածների ուղարկած բոլոր նամակատարները բռնվում էին թուրքերի կողմից: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանին, քրդի շորերով ծպտված, հաջողվում է անցնել պաշարման շղթայով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատն օգնության է հասնում Բայազետում 23 օր պաշարվածներին և փրկում նրանց:
Բայազետի հերոսական պաշտպանությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ մեծանուն պատմավիպասան Րաֆֆու «Խենթը» և ռուս գրող Վ. Պիկուլի «Բայազետ» վեպերում:
Հայոց պատմության ցավոտ, բայց միևնույն ժամանակ ամենափայլուն դրվագներից մեկը 1877 -78թթ. ռուս–թուրքական պատերազմի ընթացքում տեղի ունեցած Բայազետի պաշտպանությունն է։ Այս ժամանակարջանում հայերը գտնվում էին ծանր իրավիճակում. հայկական շատ քաղաքներ թալանվում և կոտորածների են ենթարկվում , սակայն շատ քաղաքներ հեշտ չէին հանձնվում, նրանք ինքնապաշտպանվում և դիմադրություն էին ցույց տալիս միասնական ուժով և ոգիով։ Միայն միասնությունը չէ, որ փրկում էր հայերին, նաև այն, որ շատ անհատներ զոհաբերություններ էին անում։ Այդ իրադարձությունը միաժամանակ պատմական փաստ է և ազգային ինքնության խորհրդանիշ. այն ուսանելի օրինակ է թե՛ համառ պայքարի, թե՛ անհատի անձնազոհ պատասխանատվության։ Եթե պատմագրությունը մեզ տալիս է դեպքերի ընթացքը, ապա ազգային գրականությունը՝ հատկապես Րաֆֆու «Խենթը» վեպը, այդ իրադարձությունները ներկայացնում է անհատի հոգեբանական, արժեքային մոտեցման տեսանկյունից:
Բայազետի պաշտպանությունը հերոսական էր ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլ անհատի կատարած անձնազոհ գործողությունների շնորհիվ. հենց անհատի վճռական քայլն է դառնում ողջ քաղաքի փրկության առանցքը։
Պատմական աղբյուրների համաձայն, 1877 թ. հունիսին թուրքական զորքերը, օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից, մոտ 10-հազարանոց ուժով պաշարում են Բայազետի բերդը։Պաշարումը տևում է 23 օր, ընթացքում սպառվում է պարենը, կտրուկ պակասում է ռազմամթերքը։։ Այդ իսկ պատճառով խոսակցություններ էին գնում, որ եթե թուրքերը հարձակվեն, նրանք կործանված են։ Եթե Տեր-Ղուկասովը իմանա, որ քաղաքը պաշարված է, նա իր զինվորներով կգար և կօգներ ժողովրդին, քանի որ նա մոտիկ էր գտնվում, բայց որպեսզի նրան նամակը փոխանցեին, պետք է գտնվեր մի քաջ տղամարդ, որը կարողանար թուրքերի շրջապատումից դուրս գար և փոխանցեր նամակը։ Այդ իսկ պատճառով զինվորներին հավաքեցին հրապարակում և հայտարարեցին, թե ինչ է պետք անել։ Այդ քաջ զինվորը Սամսոտ Տեր-Պողոսյանն էր։ Րաֆֆին, իր <<Խենթը>> վեպում անդրադարձել է Սամսոնին, բայց մարմնավորել է Վարդան անունով։ Րաֆֆին Վարդանին ներկայացնում էր որպես անձնազոհ և ճկուն
անհատ։ — Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։
— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։
Այս «Ես»-ը ոչ միայն անհատի խոսքով առաջ քայլելու գործողություն է, այլ անհատի՝ համայնքի ճակատագիրը սեփական ուսերին վերցնելու գիտակցված որոշում։
Պատմական աղբյուրները հաստատում են, որ Բայազետի փրկությունը կախված էր հենց մեկ մարդու հաջողությունից, քանի որ պաշարվածների ուղարկած բոլոր նամակները թուրքերը որսացել էին, և միայն Սամսոն Տեր-Պողոսյանին էր հաջողվել անցնել շրջափակման միջով։
Րաֆֆին խորացնում է այս պատմական իրադարձությունը՝ դարձնելով այն ազգային հոգեբանության խորհրդանիշ։ Վեպում Վարդանը միայն նամակատար չէ. նա ազգային արժանապատվության մարմնավորում է, նա այն անհատն է, ով ընդունակ է «մարդկային վախը» փոխակերպել «հայրենասիրական պարտքի»։ Նա իմանալով քրդերեն, հագավ քրդերի շոր և խենթ ձևանալով անցավ թուրքերի շրջապատումը, նամակը տվեց Տեր-Ղուկասովին, որը ջոկատ ուղարկեց և քաղաքը հետ գրավեցին։ Իրականում սա շատ խիզախ որոշում էր։ Խելացի էր նրանով, որ գրքում ասվում է, որ ուրիշներն էլ էին խիզախություն ցուցաբերել փորձելով անցնել շրջապատումը, բայց Սողոմոնը մոտեցավ դրան ոչ միայն խիզախությամբ, այլ նաև խելքով, ճկունությամբ ։ Նա օգտվեց իր քրդերեն լեզվի իմացությունից, հագնվեց նրանց պես և հաղթահարեց այդ շրջապատումը։ Մեր օրերին, այդ միտքը կարող է հասարակ թվալ, բայց ինձ թվում է հարյուր տարի առաջվա սոված, ծարավ և կոտորած տեսած մարդու համար դա բավական անձնազոհ քայլ էր։ Ընդհանրապես, ճակատամարտերն և պատերազմները հաղթում են ոչ միայն խիզախները, այլ նրանք, ովքեր ճիշտ մարտավարություն են իրականացնում կամ խելացի քայլեր են ձեռնարկում։
Բայազետի պաշտպանությունը միայն անցյալի դրվագ չէ. այն ազգային ինքնության և հասարակական պատասխանատվության կենդանի ուղերձ է։ Այսպիսով, հասկանում ենք, որ ամբողջ քաղաքի ճակատագիրը կարող է որոշվել մեկ անհատի անձնազոհ քայլից։ Նաև ուզում եմ ավելացնել, որ անհատը կարող է նաև ամեն ինչ փչացնել. օրինակ՝ դավաճանի, թշնամուն օգնելով և այլն։ Այսքանը վերլուծելով, հասկանում ենք, որ երկրի ձևավորման կամ ինչ-որ քաղաքի ազատագրման մեջ ժողովրդի միասնականությունը կարևոր է, բայց լինում են դեպքեր, երբ անհատի դերն է վճռորոշ։ Այսպիսով, անհատի մի քայլը փոխում է ամբողջ բերդի ճակատագիրը։ Բայազետի հերոսական պաշտպանությունը ապացուցում է, որ պատմության ամենահուժկու հաղթանակների հիմքում հաճախ կանգնած է անհատի անձնազոհ քայլը, իսկ անհատի մեծությունը հաճախ արտահայտվում է ոչ թե խոսքերի, այլ մեկ վճռական «Ես»-ի մեջ։