Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ինչո՞ւ շունը կատվին չի սիրում

Շների և կատուների հարաբերությունն արդեն երկար ժամանակ է դարձել պատմությունների, ֆիլմերի և պատումների թեմա։ Թվում է՝ նրանք միշտ իրարից հեռու են մնում, երբեմն՝ նույնիսկ մրցում։ Բայց ինչո՞ւ է ստեղծվել այն կարծիքը, որ շունը կատվին չի սիրում։

Շունը բնությամբ շատ աշխույժ և բաց է՝ սիրում է վազել, խաղալ, ուշադրություն ստանալ։ Նրա շարժումները արագ են, հաճախ՝ աղմկոտ։ Կատուն, հակառակը, ավելի հանգիստ է, զգուշավոր և անկախ։ Նա սիրում է իր տարածքը, չի սիրում, երբ իրեն խանգարում են կամ չափից շատ մոտենում։ Եվ երբ շունը մոտենում է նրա տարածքին՝ ուրախ ու էներգիայով լի, կատուն դա կարող է ընկալել որպես վտանգ կամ հարձակման փորձ։ Ահա այստեղ էլ սկսվում են նրանց <<վատ հարաբերությունները>>։ Երկու կենդանիների մարմնի լեզուն էլ տարբեր է։ Շունը կարող է վազելով մոտենալ մտածելով, որ դա ընկերական վերաբերմունք է, բայց կատուն դա միշտ չէ, որ այդպես է ընկալում։ Կատուի թեթև ցատկը կամ պոչի շարժումը շանը կարող է թվալ խաղի հրավեր, մինչդեռ կատուն պարզապես փորձում է զգուշանալ կամ նախազգուշացնել։ Այդ չհասկացված ժեստերն էլ հաճախ դառնում են իրենց փոքրիկ անհամաձայնությունների պատճառը։ Բայց դա չի նշանակում, թե շունն ու կատուն չեն կարող ընկերանալ իրար հետ։ Երբ նրանք մեծանում են մի տան մեջ, սովորում են միմյանց շարժումներին, սովորություններին և դառնում են նույնիսկ լավ ընկերներ։ Այդ դեպքում “շունը կատվին չի սիրում” արտահայտությունը պարզապես մի հին կարծիք է դառնում, որը բոլորին չի վերաբերում։

Այսպիսով, շունն ու կատուն իրար ոչ թե չեն սիրում, այլ նրանք պարզապես տարբեր են՝ բնավորությամբ, շարժումներով և աշխարհի ընկալմամբ։ Եվ երբ տարբերությունը հասկանում և ընդունում ես, ամեն բան ավելի խաղաղ և պարզ է դառնում։ Նույնը վերաբերվում է մարդկանց։