Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․
1. Անծանոթ բառերը բացատրի՛ր։
տենչալ-մեծ ցանկությու ունենալ
2. Մեկնաբանի՛ր արևանման խոսք և արնավառ խոսք բառակապակցությունները։
Արևանման խոսք-պայծառ, բարի և իմաստուն խոսք
արնավառ խոսք-ուժեղ և կրակով լի խոսք
3. Ցույց տուր բանաստեղծության մեջ եղած հակադրությունը։
Բանաստեղծության մեջ բանաստեղծը հակադրում է գիշերվա մթությունը և օրվա լույսը:
4. Վերնագրի՛ր բանաստեղծությունը։
Երազանք լույսի մասին
Քամին
Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Փողոցները երկար,
Ու ձանձրալի, աշնան անձր—ների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժան, անհրապույր, չարկամ, —
Որքան, որքան, որքան ահավոր են հիմա:
Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…
Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, — երկաթաթ— թռչուն, —
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…
Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում‘ փոշի — արնամուժ ավազ, —
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:
Օ, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման, —
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:
Ծառերը ծեր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, —
Երբեք,
Երբեք,
Երբեք…
Օ, գթացեք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:
Օ, գթացե՛ք հիմա.
Լսեք, լսեք, լսեք. —
Այս ահռելի, դաժան հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե —
Քամին,
Աշնան քամին…
1. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք բնութագրում են աշնան քամին։
«Քամին,Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա»
«Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման»
«Հռնդում է, Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր»
«Ու թռչում է քամին, — երկաթաթ— թռչուն, —
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…»
2. Բացատրի՛ր անհասկանալի բառերը։
հռնդալ-աղմկել
նախիր-խոշոր եղջերավոր անասունների հոտ՝ խումբ
զազիր-զզվանք առաջացնող բան
3. Ցույց տուր հեղինակի վերաբերմունքը ա/ քամու նկատմամբ, բ/քաղաքի նկատամամբ, գ/ ծառերի նկատմամբ, դ/ մարդկանց նկատմամբ։
ա.Հեղինակը քամուն պատկերացնում է որպես վատ պերսոնաժ, որը բոլորին տանջում և ցավ է պատճառում:
բ.Հեղինակի համար քաղաքը գարշելի, տխուր և ձանձրալի տեղ է, որի վիճակը քամին ավելի է վատացնում:
գ.Հեղինակը ծառերին խղճում է և կարծես նրանց կողմից լինի, ասելով, որ նրանք ծեր, անպաշտպան և խեղճ են:
դ.Հեղինակը կոնկրետ չի ասում ոչ մի բան մարդկանց մասին, բայց ինձ թվում է վերջին կուպլետի նրա խոսքերը մարդկանց են վերաբերում: Նա ասում էր, որ վախեցեք նրանից, խուսափեք նրանից, նա կմտնի ձեր հոգիները:









