Միջնադարյան հայ մատենագրության աստղաբույլում իր ուրույն տեղն ու դերն ունի 7-րդ դարի մեծահանճար գիտնական և իմաստասեր Անանիա Շիրակացին: Նա օժտված էր բնության երևույթները գիտականորեն ընկալելու և վերլուծելու բացառիկ տաղանդով: Իր իմաստասիրական երկերում նա անդրադառնում է գիտության գրեթե բոլոր բնագավառներին` մաթեմատիկային, տիեզերագիտությանը, տոմարագիտությանը, չափերին ու կշիռներին, աշխարհագրությանը, օդերևութաբանությանը, պատմագիտությանը և այլն, սակայն նախապատվությունը տալիս է բնական գիտություններին:
Զուր չէ, որ ակադ. Մ. Աբեղյանը, Շիրակացուն համարելով բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ, գրում է. «Որքան էլ Անանիայից առաջ հայոց մեջ եղել է տոմարի ծանոթություն, բայց և այնպես մեր այս «համարողնե իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտական, տիեզերագիտական և օդերևութաբանական գիտելիքների համար»:
Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղիցից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով` որոշել է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով` մեկնել է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսել է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որն ապրում էր Չորրորդ Հայքում։
Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո եկել է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանությանը։ Ապա կամեցել է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպել է այնտեղից եկող ծանոթների և լսել, թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորել է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետել համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթաել այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի։ Ապա նա վերադարձել է Հայաստան և փորձել ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացել է դպրոց և գրել դասագրքեր։
Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։












