Բնագիտություն

Թունավոր և ուտելու սունկ

Դառնամատիտեղ

Տեսակներ

Հայտնի է մոտ 280, Հայաստանում՝ 33 տեսակ։ Տարածված է անտառաշատ մարզերում (1100-2100 մ բարձրություններում)։ Հանդիպում է մայիս-հոկտեմբեր։ Ցեղի բոլոր ներկայացուցիչները միկոռիզագոյացնող սնկեր են. համակեցության մեջ են մտնում ասեղնատերև և լայնատերև ծառատեսակների հետ։

Կառուցվածք

Գլխարկը (տրամագիծ՝ 3-20 սմ) ունի վառ գունավորում, սկզբում կլոր է, կիսակլոր կամ բլթակաձև, հետագայում՝ տափակ, թեթևակի ձագարաձև, եզրերը՝ հարթ կամ ներծալված։ Մաշկը լորձնային է, հեշտությամբ պոկվում է պտղամսից։ Պտղամիսը սպիտակ է, մսոտ, տարբեր համերի (անալի, կծու, դառը կամ քաղցր)։ Թիթեղները լայն են՝ խիտ դասավորված, սպիտակ կամ դեղնավուն, մի փոքր իջնում են ոտիկի վրա։ Ոտիկը (երկար՝ 2-18 սմ, հաստ՝ 1-4 սմ) գլանաձև է, ստորին մասում լայնանում է կամ նեղանում, սկզբում սպիտակ է, հետագայում՝ դեղին, վարդագույն կամ մոխրագույն։

Կիրառում

Ցեղի գրեթե բոլոր տեսակները համային բարձր հատկանիշներով օժտված ուտելի սնկեր են։ Օգտագործում են թարմ, աղ և թթու դրած։ Կծու կամ դառնահամ տեսակները սննդի մեջ օգտագործում են եռացնելուց և ջուրը թափելուց հետո։

Դժգույն գարշասունկ

Նկարագրություն

Մահացու թունավոր սունկ է, որի 5-15 սմ տրամագծով, ձիթապտղագույն, կանաչավուն, սպիտակավուն, մեջտեղում ավելի մուգ գունավորված, կիսագնդաձև, հարթ եզրերով, մետաքսանման գլխարկը ընդհանուր ծածկոցի մնացորդներով է։ Սունկն ունի սպիտակ պտղամիս, թիթեղներ և ոտիկ։ Հասուն և չորացած պտղամարմիններն ունեն տհաճ հոտ։ Սպիտակ թաղանթանման օղակով ոտիկը 6-12 x 1,5-2 սմ է, հիմքի մոտ՝ ուռուցիկ, ազատ պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով։ Սպորափոշին սպիտակ է։ 8-12 x 7-9 մկմ, անգույն, օվալաձև սպորները հարթ են, ամիլոիդ։

Տարածվածություն

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ամերիկան, Աֆրիկան,Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ասիան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Լայն տարածում ունի աշխարհի մի շարք երկրներում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով։ Հայաստանում այս սնկի եզակի պտղամարմինները հայտնաբերված են Լոռու ֆլորիստիկական շրջանում՝ Ստեփանավան քաղաքի շրջակայք, Իջևանի ֆլորիստիկական շրջանում, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում և Ապարանի ֆլորիստիկական շրջանում։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է հողի վրա, լայնատերև, փշատերև և խառը անտառներում, 1100-1800 մ բարձրության վրա, հուլիսից մինչև հոկտեմբեր ամիսներին։ Միկոռիզա գոյացնող սունկ է՝ համակեցության մեջ է մտնում փշատերև և սաղարթավոր անտառների ծառատեսակների, հիմնականում կաղնու հետ։ Օգտագործվում է բժշկության մեջ։